Больше рецензий

5 апреля 2018 г. 16:23

913

3 Конец власти. От залов заседаний до полей сражений, от церкви до государства. Почему управлять сегодня нужно иначе Мойзес Наим

Արևմուտքում հիմա շատ պոպուլյար են գրքերը, որտեղ հեղինակը քաղաքական և տնտեսական մեկ գլխավոր թեզ է առաջ քաշում և հետո տարբեր կողմերից ու տարբեր երևույթներ բացատրում է հենց այդ իր թեզով։ Այդ տրամաբանությամբ է կառուցված «Իշխանության ավարտը» գիրքը։

Գրքի հեղինակը՝ ՀԲ նախկին նախագահ, Foreign Policy ամսագրի նախկին խմբագիր Մոյզես Նաիմը 2006 թվականին, հենց իր ամսագրում գրում է հոդված, թե ինչպես են նոր տեխնոլոգիաները, նոր բիզնեսը և նոր պատերազմները ազդում իշխանության վրա՝ այն թուլացնում և դարձնում անարդյունավետ։ Հոդվածը բավական ջերմ ընդունելության է արժանանում, որից հետո հեղինակը որոշում է այն գիրք գրել , որն ավարտում է 2013 թվականին։

Հեղինակի հիմնական թեզը հետևյալն է. մարդաքանակի, մոբիլության ու մենթալիտետի փոփոխությունը գրեթե արմատապես փոխում է իշխանությունը և հեգեմոնիան բոլոր ոլորտներում՝ քաղաքականից մինչև հոգևոր, մեդիա և բանկային համակարգ։ Աշխարհում ավելի փոքր խմբերն ավելի արդյունավետ են՝ սկսած աֆղանցի պարտիզաններից մինչև հեջ֊ֆոնդերի ներկայացուցիչներ։

Քաղաքական իմաստով Մոյզես Նաիմը ամենադիպուկն է. նկատելով, որ կուսակցական ապարատը՝ իր դանդաղկոտությամբ և պոպուլիզմին սովոր ընտրողը գրեթե կաթվածահար են արել ցավոտ, բայց անհրաժեշտ որոշումներ կայացնելու իշխանության գլխավոր գործառույթը։ Ընդ որում, դա վերաբերում է ինչպես ներքին, այնպես միջազգային որոշումներին։ Ամենավառը օրինակը Սիրիան է, որի առիթով միջազգային կոնսենսուսով ընդունված որևէ որոշում չկա։

Գրքի ընդդիմախոսները կարծում են, որ հեղինակը, նախ, չափազանց երկար է գրել, այն կարելի էր խմբագրել, և հետո՝ շատ երևույթներ, 2013֊ից հետո ավելի դրամատիկ ընթացք են ստացել։ Իմ տպավորությամբ, գիրքը, թեև երբեմն նույնը կրկնելու որոշակի ոճին, այնուամենայնիվ, բավականաչափ հստակ տրամաբանություն ունի, իսկ ինչ վերաբերում է մտքերի ժամկետայնությանը, ապա դրանք, ճիշտ հակառակը, 2018֊ի խորքից գալիս են ապացուցելու, թե Նաիմը, գիտակցաբար, թե պատահաբար, ճիշտ է ընկալել համաշխարհային գլխավոր տենդենցները։