Больше рецензий

2 мая 2018 г. 14:23

612

3 Падение Османской империи. Первая мировая война на Ближнем Востоке, 1914–1920 гг. Юджин Роган

Բրիտանացի արաբագետ Յուջին Ռոգանի գիրքը ներկայացնում է Առաջին Աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրսության ներգրավումն ու Մեծ Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրադարձությունները։ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսորի գիրքը արժանացել է մի քանի մրցանակների և արևմտյան մի շարք հեղինակավոր պարբերականներ ճանաչել են այն տարվա գիրք։

Ինչ է արել Ռոգանը։ Ռոգանը պատմական իրադարձությունները շարադրել է հետաքրքիր, թրիելերին բնորոշ ոճով և իր պատմությունը համեմել է օսմանցի և Անտանտայի երկրների սպաների ու հրամանատարների անձնական օրագրերից մեջբերումներով։ Այդ պատճառով գիրքն ընթերցվում է շատ թեթև՝ թեև մեծ ծավալին։

Ինձ հետաքրքիր էր հայոց ցեղասպանության հատվածը։ Ներկայացնելով բրիտանական պատմագրության պաշտոնական տեսակետը, Ռոգանը չի խուսափում 1915 թվականի իրադարձություններն անվանել Հայոց Ցեղասպանություն, թեև նշում է,որ դա պնդում են հայերն ու Հայաստանը։ Գրքի թերևս ամենակարճ գլուխը հենց դա է։ Այդքանով հանդերձ, Ռոգանը, ինչպես ցանկացած պատմաբան, բարեխղճորեն օգտագործել է և աղբյուրներ և վկայություններ, որոնք հատկապես Հայոց Ցեղասպանության վերաբերյալ քիչ չեն։ Ինչին չի անդրադառնում հեղինակը, ապա Սևրի դաշնագրից հետո իրադարձություններին։ Նա լռում է այն մասին, ինչո՞ւ այն կյանքի չկոչվեց, չի անդրադառնում Կարսի ռուս-թուրքական պայմանագրին։ Մի խոսքով, հայկական հարցի վերաբերյալ թեև կա անդրադարձ, բայց անկեղծ ասած, այն բավարար չէ։

Իսկ ընդհանուր առմամբ, իհարկե սա վավերագրական բլոկբաստեր է, որի իրադարձությունները թեև տեղի են ունեցել 100 տարի առաջ, բայց որոնք չափազանց անհրաժեշտ է իմանալ՝ հասկանալու համար Մեծ Մերձավոր Արևելքում այսօր տիրող քաոսը և դրա ակունքները։ Ըստ էության, Մերձավոր Արևելքում չդադարող պատերազմների պատճառը հենց Անտանտի երկրների, երբեմն իրար հակասող իմպերիալիստական քաղաքականությունն էր, որը Փարիզի համաձայնագրերով, տարածաշրջանը բաժանեց ազդեցության գոտիների, որոնք չէին արտացոլում այնտեղ բնակվող ազգությունների բնական ու վարչատարածքային տրամաբանական սահմանները։

Սա շատ մասնագիտական գիրք է, որին երբմեն մեղադրում են չափազանց շատ մանրամասների մեջ խորանալու, մյուս կողմից, կարևոր հարցերում, օրինակ Հայոց Ցեղասպանության թեմայում, քիչ խորանալու համար։ Բայց այդքանով հանդերձ, գիրքը կարող է չափազանց օգտակար լինել բոլոր նրանց համար, ովքեր փորձում են հասկանալ, թե ի՞նչ է կատարվում Մեծ Մերձավոր Արևելքում։