Больше рецензий

24 апреля 2018 г. 11:20

626

3 Fire and Fury: Inside the Trump White House Michael Wolff

Երբ գալիս են խառն ու անկանխատեսելի ժամանակներ, ամեն ինչ է խառնվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը ոչ մի կոնֆիգուրացիայի դեպքում չպետք է ընտրվեր։ Բայց ընտրվեց՝ խախտելով հանրապետական թեկնածուի, ապա հանրապետական նախագահի մասին բոլոր պատկերացումները։ Ու պատահական չէ, որ նրա մասին առաջին, աղմուկ հանած գիրքը նույնպես այդպիսին է՝ բոլոր հնարավոր ու գոյություն ունեցող մասնագիտական և ժանրային կանոնները խախտած։

Մայքլ Վոլֆի գիրքը պատմում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի նախագահության առաջին մեկ տարվա մասին։ Ու ներկայացնում է Տրամպի լարված հարաբերությունները ինչպես արտաքին աշխարհի, ամերիկյան լրատվամիջոցների հետ, այնպես էլ ներքին պայքարը հենց Սպիտակ Տան տարբեր թիմերի միջև։

Վոլֆը չի ներկայացնում, թե ինչպես հաղթեց Տրամպը, շատ քիչ է կենտրոնանում ռուսական կողմի հետ շփումների վրա։ Նրա հիմնական շեշտը Տրամպի աղջկա ու փեսայի և Սպիտակ Տան ու Տրամպի քարոզարշավի հիմնական գաղափարախոս Սթիվ Բենոնի հարաբերություններն են։ Ըստ էության, գիրքն այն մասին է, թե ինչպես Բենոնը 9 ամիս աշխատեց Սպիտակ Տանը, իսկ հետո լքեց այն։

Վոլֆը շատ պատկերավոր ներկայացնում է, թե ով է Տրամպը, նրա բնավորությունը, խառնվածքը, պոտենցիալը, որպես լիդեր։ Գիրքը դարձել է բեսթսելլեր, վաճառվել ավելի քան 2 մլն օրինակով։ Բայց սա սովորական գիրք չէ։ Այստեղ չկան ձայնագրված զրույցներ, հղումներ, աղբյուրներ։ Այն ասեկոսեների ու բամբասանքների վրա կառուցված, ինսայդերական ոճով շատ հետաքրքիր աշխատություն է, որի փաստերն ու պնդումները հնարավոր չէ որևէ կերպ ապացուցել։ Սա նոր սերնդի գիրք է, որ կարծես կազմված լինի ֆեյսբուքյան երկար ստատուսներից։ Հենց այդ պատճառով, այն շատ համահունչ է Տրամպի նախագահության հետ՝ բոլոր կանոնները խախտած նախագահին ներկայացնում է հենց այդպիսի, առանց կանոնների գրված գիրքը։ Երկուսով իրար արժեն։ Եվ ինչպես Տրամպն է անկանխատեսելի, բայց հետաքրքիր, այդպես էլ գիրքն է՝ առանց ապացույցների, բայց լավ ու դինամիկ շարադրված։