
Առավոտ էր: Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը:
Արևի առաջին ճառագայթների ներքո Մասիսի սպիտակափառ գագաթը փայլում էր վարդագույն շողքերով, որ աչք էին շլացնում: Արագածի պսակաձև գագաթը չէր երևում: Նա դեռ պատած էր ձյունի պես ճերմակ մշուշով, որպես մի ամոթխած հարսիկ, որ սքողում է յուր դեմքը անթափանցիկ շղարշով: Կանաչազարդ դաշտավայրը, ցողված վաղորդյան մարգագետիններով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով: Փչում էր մեղմ հովիկը, ծաղիկները ժպտում էին, դալար խոտաբույսերը ծփում ու ծածանվում էին, և դաշտի խաղաղ տարածությունը օրորվում էր սքնաչելի ալեկոծությամբ:
Գեղեցի՛կ էր այդ առավոտը:
Թռչունները ուրախ-ուրախ ճախրում էին մի թուփից դեպի մյուսը: Գույնզգույն թիթեռները, գույնզգույն ծաղիկների նման, ցանված էին օդի մեջ: Սպիտակ արագիլը, կարմիր ոտները հորիզոնական դիրքով ուղիղ մեկնած, լայն թևքերով թափահարում էր՝ շտապելով դեպի Արաքսի մորուտները: Ձեռնասուն եղջերուները, վայրենի վիթն ու այծյամը դուրս էին եկել Խոսրովի արքայական անտառներից և ազատ, համարձակ վազվզում էին շրջակա մարգերի վրա:
Չէր երևում միայն մարդը:
Ամեն առավոտ արծաթյա փողերի հնչյունը, որսորդական բարակների մռնչյունը, սիգապանծ նժույգների խրխինջը խռովում էին անասունների վաղորդյան հանգիստը: Ամեհի վարազը սարսափելով նետվում էր մթին շամբուտների մեջ, իսկ թավամազ արջը ապաստանի տեղ էր որոնում: Իսկ այս առավոտ չկային նրանք. չկային նախարարական իշխանազն պատանիները, որոնց որսորդական ուրախ զվարճությունները մի առանձին կենդանություն էին բաշխում երեաշատ դաշտավայրին:
Ամեն առավոտ թռչունը կարդում էր յուր նախարշալույսյան մեղեդին, և նրա հետ լսելի էր լինում ժրաջան մշակի երգը: Փայլում էր մանգաղը, եռում էր գործը, և ոսկեղեն հունձքը յուր լիառատ բեղմնավորությամբ պարգևատրում էր վաստակաբեկ շինականի աշխատանքը: Իսկ այս առավոտ չկար հնձվորը, չկար և հերկավարը: Հասունացած արտը մնացել էր կիսաքաղ, և անվաստակելի արորը անգործ ընկած էր դեռ չվերջացրած ակոսների մոտ:
Ամեն առավոտ սուրբ տաճարի կոչնակի առաջին հնչման հետ զարթնում էր հովիվը: Ոչխարների անուշ բառաչը, արջառների ուրախ ձայնարկությունը կենդանացնում էին խոտավետ հովիտները խիստ ախորժելի աղմուկով: Իսկ այս առավոտ չէին երևում ո՛չ հովիվը, ո՛չ նրա հոտերը: Ցիրուցան գառնուկները թափառում էին սար ու ձոր և հայրակորույս որբիկների նման, կարծես որոնում էին հովվին:
Ամեն առավոտ, երբ ծագում էր տվընջյան լուսատուն, նրա առաջին ճառագայթները ողջունում էին շինական աղջիկների աշխատանքը: Կարմիր, դեղին, կապույտ հագուստներով, որպես կարմիր, դեղին, կապույտ ծաղիկներ, սփռված էին լինում նրանք այգիներում, բանջարանոցներում և ագարակներում: Երգում էին և գործում էին: Եվ նրանց ուրախությանը ձայնակից էր լինում երգասեր սոխակը: Իսկ այս առավոտ չէին երևում անխոնջ մշակությունների այդ գեղեցիկ զարդերը: Այգիները մնացել էին անխնամ, ագարակները կորցրել էին իրանց սիրելի բանվորներին:
Արևը բարձրացավ, և որքան բարձրանում էր նա, այնքան Արարատյան ընդարձակ դաշտավայրը, որպես մի հսկաական բուրվառ, խնկարկում էր յուր վաղորդյան անուշահոտությունը: Ամբողջ հովիտը ծխում էր, գոլորշիանում էր: Ցողազարդ բուսականությունը ետ էր տալիս երկնքին յուր ընդունած մարգարտյա կաթիլները:
Ծխում էին և դաշտավայրի վրա խիտ առ խիտ սփռված գյուղերը: Բայց այդ ծուխը չէր նմանում այն խաղաղ, կապտագույն ծուխին, որ ամեն առավոտ օձապտույտ սյունակներով վեր էր բարձրանում խրճիթների գմբեթաձև երդիկներից: Այդ ծուխը, սև մառախուղի նման, ծածկել էր գյուղերը, և մերթ ընդ մերթ նրա մթին թանձրության միջից փայլատակում էին հրային կայծեր…
Ծխում էին և մեծաշեն քաղաքները: Ծխում էր Դվինը, ծխում էր Արտաշատը, ծխում էր Վաղարշապատը, ծխում էր Էջմիածնի վանքը… Եվ թանձր ծուխը նսեմացնում էր Արարատյան դաշտի լուսապայծառ գեղեցկությունը…
